Նոյեմբերի 2-3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովի բացմանը ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել անցնող օրերին Նյու Յորքում անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի և ՀԲԸՄ կենտրոնական վարչության միացյալ ժողովի առիթով՝ ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունեցավ ԳՀԽ անդամների համար՝ Հյուսիսային Ամերիկայի հայության ազգային-եկեղեցական կյանքի մարտահրավերներին տեղում հաղորդ դառնալու առումով։
Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն է հայտնել Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի սպասավորներին այս օրերին ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև Ս. Հոգու առաջնորդությունը մաղթել է ԳՀԽ ժողովի աշխատանքներին ի նպաստ Հայ Եկեղեցու պայծառության և առաքելության արդյունավորման։
Ժողովի օրակարգում ընդգրկված էին Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նախագծի մշակման ընթացքին վերաբերող հարցեր, Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր, հոգևոր-կրթական հաստատությունների և եկեղեցական կառույցների գործունեությանն առնչվող խնդիրներ։ Ժողովի նիստերն ատենապետել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Մինչ օրակարգի նյութերի քննարկումը ժողովականներին իրազեկվել է 2016 թ. սեպտեմբերի 6-9-ին Արցախում գումարված ԳՀԽ ժողովի որոշումների կատարման ընթացքի մասին։ Ժողովին «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը Գերագույն հոգևոր խորհրդին զեկուցել է Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Նա տեղեկացրել է, որ մի շարք հանդիպումներ է ունեցել «Մաքքինզի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկել ծրագրի մանրամասները և արդյունքում պատրաստել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարցաշար, որը ներկայացվեց ԳՀԽ անդամների ուշադրությանը։ ԳՀԽ-ն ծանոթացավ ծրագրի իրականացման համար ստեղծված Գործադիր և խորհրդատվական մարմինների կազմին՝ բաղկացած հոգևորական և աշխարհական անդամներից և´ Հայաստանից, և´ Սփյուռքից։ ԳՀԽ անդամները շնորհակալություն են հայտնել տիար Ասո Դավիդյանին կատարված աշխատանքի համար՝ կարևորելով Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Այնուհետև Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նախագիծը, որ պատրաստվել է Հայոց Եկեղեցու ժողովական կառույցների կանոնադրությունների մշակման հանձնախմբի կողմից։ Նախագծին առնչված անհրաժեշտ լուսաբանություններ են տրվել հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Հոդված առ հոդված քննելով փաստաթղթի նախագիծը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը կատարեց իր դիտարկումները և թելադրեց անհրաժեշտ սրբագրումներից հետո նախագծի վերջնական տարբերակը ներկայացնել Գերագույն հոգևոր խորհրդին, ապա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նաև առաքել թեմեր։ ԳՀԽ անդամներն իրենց գնահատանքն են հայտնել հանձնախմբին կատարված մանրակրկիտ աշխատանքի համար։
Ժողովին քննարկվել է նաև Սբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգության խնդիրը։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԳՀԽ անդամներին հայտնել է, որ նախագծային փուլն ավարտվել է և շուտով կձեռնարկվեն շինարարական աշխատանքները։ Նորին Սրբությունը նաև տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նյութական միջոցների հայթայթման նպատակով։ Գոհունակությամբ ընդունելով ծանուցումը Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի վերաբերյալ՝ ԳՀԽ անդամները վստահություն են հայտնել, որ աշխարհասփյուռ հայ ժողովրդի զավակներն աջակցություն կցուցաբերեն համայն հայության Սրբություն սրբոցի պահպանության գործին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության մասին զեկույց է ներկայացրել Գևորգյան հոգևոր ճեմարանի գիտական աստիճանների շնորհման հանձնախմբի անդամ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սրբազանն անդրադարձավ վերջին տարիների ընթացքում հոգևոր-կրթական հաստատություններում ուսումնառության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։
ՈՒրախությամբ արձանագրվել է, որ մեկ ամիս առաջ Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվեց ասպիրանտական կրթություն տալու և աստվածաբանության ոլորտում գիտական աստիճաններ շնորհելու իրավունք, ինչը ևս պիտի նպաստի եկեղեցականության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ Խոսվել է նաև Քույր Եկեղեցիների և արտերկրի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց բարձրագույն կրթությունը շարունակող հոգևորականության մասին։ Գերագույն հոգևոր խորհուրդը, գոհունակություն հայտնելով կրթական ոլորտում արձանագրված հաջողությունների կապակցությամբ, երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին հոգևորականաց ապագա սերնդի գիտական և հովվական պատրաստությանը մեծ կարևորություն ընծայելու համար։ Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով արձանագրել է այն համագործակցությունը, որ ձևավորվել է Մայր Աթոռի կառույցների և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև և պտղաբերում է զանազան ազգօգուտ ծրագրերով և համատեղ ձեռնարկներով։ Ժողովն ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և աղոթքով։